Ուղեղներն է պետք փոխել, ոչ թե երկրի կառավարման համակարգը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Իրականում կառավարման համակարգը Հայաստանում կարող է կոչվել նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կամ անգամ սահմանադրական միապետություն՝ միևնույն է, ցուցանակից էությունը չի փոխվում: Բոլոր դեպքերում ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդուց, խորհրդարանը խաղում է զուտ խորհրդանշական դեր, մերձիշխանական օլիգարխիան արտոնություններ է ստանում, իրավապահ մարմիններն առաջին դեմքի կամակատարներն են և «թխում են» նրա պատվիրած գործերը, կուսակցությունները (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր) չեն կայանում, քծնողների բանակը փառաբանում է «թագավորի» իմաստությունը:
Եթե այս վիճակը լիներ Հայաստանի 4 ղեկավարներից մեկի կամ երկուսի իշխանության ժամանակ, ես գուցե կմտածեի, որ դա այդ ղեկավարների անձնական հատկանիշներից է: Եթե դա լիներ մեր «փորձարկած» կառավարման երեք համակարգերից մեկի դեպքում, ես կարող էի ենթադրել, որ դա համակարգից է: Բայց քանի որ նույնը տեղի է ունենում 30 տարի բոլոր ղեկավարների և բոլոր համակարգերի ժամանակ, ես կարծում եմ, որ խնդիրն ավելի խորն է:
Օրինակ, ներկայիս համակարգն, ըստ էության, թույլ չի տալիս պաշտոնանկ անել պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված վարչապետին: Իսկ եթե նա լիներ նախագահ կամ «կիսանախագահ», դա հնարավո՞ր կլիներ: Նույնն է, իհարկե, նաև «լեգիտիմությունը»: Մեծ հաշվով, ձևական իմաստով դա միայն բառ է, թուղթ է: Նախորդ իշխանություններն ունեին այդ թուղթը՝ չվաստակելով դրա իրավունքը, այսօրվանները դա վաստակել են: Ի՞նչ է դա փոխում, իրավիճակն ավելի կայո՞ւն է դարձնել: Ներկա իշխանության հասարակական, հոգեբանական լեգիտիմությունն ավելի բա՞րձր է, քան ՀՀԿ-ինը: Վաղը, եթե տեղի ունենան արտահերթ/հերթական ընտրություններ, որոնցում արդար/անարդար ձևով հաղթի «Իմ քայլը»/«Ուրիշի քայլը» ու սկսի թափահարել «լեգիտիմության» թղթով («մենք ժողովրդի իշխանություն ենք»), դրանից հասարակական լարվածությունը թուլանալո՞ւ է: Խնդիրը, հետևաբար, ոչ այնքան համակարգերն են, ղեկավարները կամ անգամ լեգիտիմությունն է, որքան հասարակությունն է:
Պետք է մտածել հասարակության պառակտվածությունը հաղթահարելու մասին: Դառնալով Հիմնական օրենքին՝ ուզում եմ այս դեպքում համաձայնել Ռուսաստանի նախագահի հետ, որը մի առիթով ասել է՝ «Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ ուղեղները»: Ճիշտ է, այդ բանն ասելուց տարիներ անց Պուտինը փոխեց իր երկրի սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն է հարմար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: