Պառակտում մինչև վերջ. «Հրապարակ»
«Մեր երկրի պառակտվածության, մեր հասարակության իրարամերժ վիճակի, թշնամական ճամբարների կիսվելու իրական հայելին էր երեկվա Երևանը՝ երկու տարբեր հատվածներում հանրահավաքներ։ Եվ այդ երկու հրապարակներում գտնվող մեծ թվով մարդիկ, որոնք մերժում են միմյանց, ատում և արհամարհում։ Եվ այս իրավիճակը նոր չէ, սա Նիկոլ Փաշինյանի կառուցած Հայաստանն է, երեք տարում մեր կյանքում ունեցած նրա գլխավոր ներդրումը։ Այնքան, ինչքան հայերն այսօր պառակտված ու թշնամական բանակների են բաժանված, երբեք չի եղել մեզանում։
Միշտ էլ իշխանությունն օգտվել է «բաժանիր, որ տիրես» անբարո սկզբունքից, բայց երբեք այդ սկզբունքն այսքան ավերածություններ չի առաջացրել մեր կյանքում, մարդկանց չի հանել իրար դեմ, չի թշնամացրել հային հայի դեմ, ինչքան հիմա։ Հայաստանն այսօր վառոդի տակառ է հիշեցնում, դանդաղ գործողության ռումբ է դրված մեր երկրում, որը վաղ թե ուշ պայթելու է, և որի գործած ավերածությունները կարող են մեր երկրում տիրող քաոսն ավելի խորացնել ու պետությունը հիմնահատակ քանդել։
Թվում էր՝ պարտված իշխանությունը պետք է գիտակցի տարրական ճշմարտությունը, որ չի կարելի հասարակությանն այսքան պառակտել, որ իր հեռացումն է այն պարտադիր առաջին քայլը, որը կարող է մեր երկիրը տանել դեպի առողջացում։ Չնայած ոչ մի երաշխիք չկա, և ոչ մեկը չի կարող այնպիսի հրաշագործ քայլեր ձեռնարկել, որ այս աղետալի վիճակից շուտափույթ դուրս գանք, բայց դա այն պարտադիր պայմանն է, որից հետո կարող է հույս արթնանալ, որ դրական փոփոխություններ կարձանագրվեն, և մեր ժողովուրդը կփորձի շտկել պատերազմում կոտրված իր մեջքը։ Կվերագտնի արժանապատիվ ապրելու բանաձևը, որը կորցրել ենք ազգովին։ Կփորձի բուժել վերքերը և նորից տեղ զբաղեցնել արժանապատիվ ազգերի ընտանիքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: