«Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի․ պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է»․ Մովսես Հակոբյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մինչ ողջ երկիրը, ելնելով Նիկոլի հայտնի սկանդալային հայտարարությունից, քննարկում էր «Իսկանդերի» պայթել-չպայթելու հարցը, ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ զինատեսակն առհասարակ չի կրակել: «Ըստ մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից, ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել»,- այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ բոլոր հրթիռները գտնվում են զինապահեստում:
Բայց չէ՞ որ Նիկոլի ակնարկից զատ նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարել է. ««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտե՛՛ղ՝ չեմ նշի»: Նիկոլն էլ «պեչատեց», թե 10 տոկոսն է պայթել:
Այսպիսով, ՌԴ ՊՆ-ի հայտարարությունից հետո Մ․ Հակոբյանը մնո՞ւմ է այն մտքին, որ «Իսկանդերը» արձակվել է: Հարցի շուրջ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով «Իրավունքը» դիմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, ով կրկին պնդեց ավելի վաղ ասվածը.
- Ես չգիտեմ, թե ռուսական կողմը ինչու է նման հայտարարությամբ հանդես եկել, չեմ կարող մեկնաբանել:
- Պարո՛ն Հակոբյան, ամեն դեպքում, փաստացի, ՌԴ ՊՆ-ն հերքեց ինչպես Ձեր, այնպես Էլ Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» գործարկման մասին:
- Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի:
- Դե դրա համար էլ հարցնում ենք։
- Ես էլ պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: