Անհասկանալի հիստերիա է տիրում. Երկիրը կիսվել է երկու մասի՝ փաշինյանականներ և հակափաշինյանականներ. «Հրապարակ»
«Անհասկանալի հիստերիա է տիրում։ Երկիրը կիսվել է երկու մասի՝ փաշինյանականներ և հակափաշինյանականներ: Տպավորություն է, թե հանրահավաքին մասնակցողների գլխաքանակից է կախված իշխանության մնալու կամ հեռանալու հարցը: Իսկ Ալիևի ասած՝ տրագիկոմեդիան արդեն ֆարսի երանգներ է ստանում: Մարդիկ չեն ընկալում, որ ո՛չ հանրահավաքի գլխաքանակով է լուծվելու Նիկոլի մնալ-չմնալու հարցը, ո՛չ էլ հանրահավաքի ձախողվելն է արագ հանգուցալուծում բերելու:
1․ Հանրահավաքներ անում էր նաև Սերժ Մարզպանը, ընդ որում՝ մերժվելուց ընդամենը մեկ տարի առաջ: Ոչ միայն հանրահավաք, այլև 700 հազարից ավելի ձայն էր հավաքում նրա ղեկավարած ուժը, և ոչ մի մարդ 17-ի ընտրություններից հետո ոչ միայն չբողոքեց, այլև անգամ փողոցային որևէ ակցիա չկազմակերպվեց: Բոլորը միաբերան ընդունեցին, որ ընտրություններն ընթացել են արդար ու թափանցիկ: Զանգվածային հանրահավաքներ են կազմակերպվել անգամ Հանրապետության հրապարակում. 2012 թվականին իշխանությունը կարմիր շարֆերով միտինգ էր անում, իսկ հրապարակը ծփում էր մարդկանցից:
2. Այսօր հանրահավաքի ու երթի գնացած մարդկանց թվի վրա սևեռվելով՝ դուք նսեմացնում, արժեզրկում եք այն բոլոր անձանց ու կառույցների հայտարարությունները, որոնք հնչել են 2020-ի նոյեմբերի 9-ից հետո և որոնք հրաժարական են պահանջում: Դուք համաձայնում եք, որ պողոսներն են որոշում իշխանությունների ու երկրի ճակատագիրը: Որ ո՛չ երկրի նախկին նախագահներն ու վարչապետները, ո՛չ Գիտությունների ակադեմիան ու դասախոսների հսկայական բանակը, ո՛չ գեներալներն ու բարձրաստիճան ոստիկանները, ո՛չ ԱԱԾ նախկին պետերն ու ԳՇ պետը, ո՛չ մտավորականների ահռելի զանգվածն ու կուսակցությունները, ոչ Հայ բարեգործական միությունը, ոչ բժշկական հիմնարկների ղեկավարները, ո՛չ համայնքապետների պատկառելի կազմը, ո՛չ բիզնեսմենների ու քաղաքագետների, ո՛չ իրավապաշտպանների ու գիտնականների խոսքը կարևոր չէ։ Կարևորն ինչ-որ գյուղերից, վախեցած, ՔՊ-ական մարզպետից ու իր տնօրենից կախման մեջ գտնվող մարդիկ են, որոնք էլ որոշելու են այս երկրի ճակատագիրը: Մարդիկ, որոնք 2003 թվին Ռոբերտ Քոչարյան էին ընտրում, 2008-ին՝ Սերժ Սարգսյան, 2017-ին՝ ՀՀԿ և որոնք միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» կարգախոսով: Իսկ փողոց դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, և իրենց նման չկայացածների խումբ է իրենց առաջնորդում՝ օգտվելով մարդկանց հոգու խորքում եղած չարության, նախանձի ու տգիտության պաշարից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: