Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետը՝ Սյունիքի ճանապարհների մասին. «Հրապարակ»
«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին չի մասնակցելու, լինելու է իր աշխատավայրում, ավելին՝ վարչապետի խորհրդականն է գալու, որ միասին գնան գյուղերից մեկը՝ բնակիչների հետ հանդիպման: Ու քանի որ մարզպետը հանրահավաքին չէր մասնակցելու, նրան մի քանի հարց ուղղեցինք Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված:
- Պարո՛ն Պողոսյան, ճանապարհների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, հիմա անվտա՞նգ է Սյունիքով երթևեկելը:
- Ո՞վ ա ասել՝ անվտանգ ա: Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ինչն ա անվտանգ:
- Անվտանգ, թե՞ վտանգավոր:
- ՉԷ, անվտանգ բան չկա: Ամեն ծառայություն իր պարտականությունը կատարում է:
- Անվտա՞նգ բան չկա, թե՞ վտանգավոր բան:
- Վտանգավոր կարող ա լինի, ասենք՝ լյուբոյ տեղ. սահման ա սա, կարա՞նք գիդաս՝ հակառակորդը ինչ ա մտածում: Վտանգավոր կարող ա լինի, բայց ամեն օր մենք էստեղով գնում ենք, գալիս՝ էս երեք-չորս ամիս ա, ես վտանգ չեմ տեսել: Ինչ որ իմ աչքը տեսնում ա, ես դրա մասին եմ խոսում:
-Ուղղակի այդ 4 կմ հատվածը, որ ԱԱԾ սահմանապահներն ասում են՝ արագ քշեք, չկանգնեք, հիմա այդ 4 կմ-ի վրա որ որևէ դեպք լինի, ո՞վ է գալու զբաղվի այդ մարդկանց հարցերով, օրինակ՝ մեքենայի անիվը պայթի, վթար լինի, ճանապարհից դուրս գա, ընկնի Ադրբեջանի տարածք... Այդ հարցերն ինչպե՞ս եք կարգավորելու:
-Էդ ե՞ս պիտի կարգավորեմ:
-Բա ո՞վ պիտի կարգավորի, մարզում իշխանությունը Դուք եք:
-Ով հանձնաժողովի անդամ ա, էդ հարցը նրան տուր:
-Ո՞ր հանձնաժողովի:
-Որը, ասենք, սահման են գծել, Ազգային անվտանգությունն ա, սահմանապահ զորքերն ա, ուժային կառույցներն ա, ռուսական հրամանատարության հետ, որ համատեղ հանձնաժողով կա, չէ, իրանք են էդ հարցերը կանոնակարգում: Բայց դե, ես երեք ամիս ա՝ գնում եմ գալիս, էնտեղ խնդիր չկա:
-Պարզապես սյունեցիները դժգոհում են, որ ոչ մարզպետն է խառնվում իրենց խնդիրներին, ոչ ուրիշ պաշտոնյա, գյուղապետերն իրենք Են փորձում ինքնուրույն բանակցել ադրբեջանցիների հետ, պետական իշխանությունից մարդ չկա, որ գա այդ հարցերով զբաղվի:
-Բա Սյունիքի պաշտպանությունն ո՞վ ա կազմակերպել, 2 հազար 500 հոգի ո՞վ ա հանել անցել պաշտպանության, էդ նույն մարզպետը չի՞ արել:
-Ես գիտեմ, որ Սյունիքի պաշտպանությունը մինչև հիմա աշխարհազորայիններն են ապահովում:
-Բա ես, որ եկել եմ Ջաբրայիլից, անցել էստեղ Սյունիքի պաշտպանության, ո՞վ ա էդքանը կազմակերպել: Եթե դու տեղյակ ես՝ մեր երկրում ինչ ա կատարվել, էդ նույն մարզպետն եմ ես, Սյունիքի երկրապահի նախագահն եմ եղել, լրիվ կազմակերպչական հարցերը ես եմ լուծել, և՛ ինժեներականը, և՛ պաշտպանությունը:
-Նկատի ունեմ՝ կռիվներից հետո, երբ ադրբեջանցիները եկել սկսել են դեմարկացիա անել, սահման գծել...
-Դրանից հետո հանձնաժողով ա ձևավորվել, հանձնաժողովն ա զբաղվում:
-Այդ հանձնաժողովը պիտի որոշի, որ թուրքը գալիս մտնում է Խնձորեսկ, Կապանում է դիրքերն առաջ տալիս, և գյուղացիներն իրենք են փորձում բանակցել:
-Տենց բան չկա, հրամանատարությունը, բանակը իրանց խնդիրը կատարում են:
-Մի խոսքով՝ ոչ մի խնդիր չկա հիմա Սյունիքում, Նորմալ է ամեն ինչ:
-Նորմալ ա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: