«Համամիտ եմ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել». Լիտվայի հայերի միության ղեկավար
«Համամիտ եմ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել». Լիտվայի հայերի միության ղեկավար
Լիտվայի հայերի միության ղեկավար Արայիկ Թունյանը հայտարարել է, որ հայկական համայնքն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի պետականության համար օրհասական օրերին պետական մարմինների միասնությունը խաթարող, Հայաստանի կառավարելիությանը վնասող գործընթացների կապակցությամբ:
«Լիտվայի հայերի միությունը հայ ժողովրդին կոչ է անում միանալ ոչ թե ապակառուցողական և պետության հիմքերը խարխլող օրակարգերին, այլ ազգային և պետական ինստիտուտները միավորող, ստեղծարար ներուժը համախմբող կառուցողական գործընթացներին։ Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է։ Միասնություն և ողջախոհություն բոլորիս», - նշված է հայտարարության մեջ։
Այս հայտարարությանն արդեն սկսել են միանալ սփյուռքում գործող տարբեր կառույցներ։
«Մենք համարում ենք, որ կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերեն։ Կառույցները քանդել չի կարելի։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ համերաշխությունը պետք է լինի մեր երկխոսությունը», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Արայիկ Թունյանը։
Լիտվայի հայերի միության ղեկավարն ընդգծեց, որ համամիտ են ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է դադարեցնել անհնազանդության ակցիաները և երկխոսություն սկսել։