«Փաշինյանը նախագահի գրասենյակը «ռմբակոծում» է ԳՇ պետի հրաժարականի պահանջով փաստաթղթերով». ռուսական Առաջին ալիքի անդրադարձը ՀՀ ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ)
Ռուսաստանի Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին, ինչպես նաև հիշատակելով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի «10 տոկոսով պայթած հրթիռների» մասին աղմկահարույց հայտարարությունը:
«Վարչապետը «ռմբակոծում» է նախագահի գրասենյակը՝ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջով փաստաթղթերով: Պետք է հասկանալ տեղի ունեցող գործընթացի դրդապատճառները: Հրթիռային բաղադրիչը մեծ չէ, բայց նույնպես առկա է»,- ռեպորտաժի սկզբում նշել է «Воскресное Время» լրատվական ծրագրի հաղորդավար Վիտալի Ելիսեևը:
Ինչպես նկատում է ռեպորտաժի հեղինակը, «ռազմական փորձագետների աչքերը զարմանքից թռել են ճակատներին»: «Խոսքն անգամ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյայի խելամտության մասին չէ, այլ մաթեմատիկայի դպրոցական դասընթացներից ստացած տարրական գիտելիքների»,- ասել է լրագրողը:
«Ասելու համար, որ պայթում է «Իսկանդեր»-ի մարտագլխիկների միայն տաս տոկոսը, պետք է առնվազն 10 հրթիռ արձակել, որպեսզի 1-ը պայթի, 9-ը՝ ոչ: Հայաստանն ունի ընդամնեը 4 հրթիռ: Իսկ եթե ասվում է, որ արձակված հրթիռի 10 տոկոսն է պայթել, դա բացարձակ հիմարություն է: Հրթիռը կարող է կա՛մ պայթել, կա՛մ չպայթել»,- Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ռուս ռազմական Կոնստանին Սիվկովը:
«Անցյալ տարվա զեկույցներում ստանդարտ արտահայտությունը հետևյալն էր. «ԼՂ շփման գծի ողջ երկյանքով մարտեր են ընթանում: Շփման գիծն այժմ, բարեբախտաբար, խաղաղ է, սակայն մարտերը տեղափոխվել են Երևանի կենտրոն, որտեղ բանակային վրաններ են տեղակայվել»,- նշում է ռեպորտաժի հեղինակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը, իր հերթին, դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։
Հայաստանին վերաբերող ռեպորտաժը կարող եք դիտել 29-րդ րոպեից: