Իրանը կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ է ներկրել
Իրան է ժամանել չինական Sinopharm պետական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը տեղափոխող օդանավը:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այսօր վաղ առավոտյան Թեհրան է ժամանել չինական դեղամիջոցի 250 000 չափաբաժին: Իրանն ամսվա սկզբին արդեն իսկ սկսել է բնակչության որոշ խմբերի պատվաստումը ռուսական «Սպուտնիկ v« պատվաստանյութով: Առաջնահերթ խմբերում ընդգրկվում են բուժաշխատողներն ու ծերանոցների տարեց բնակիչները:
Իրանի առողջապահության նախարարն ուրբաթ հայտնել էր, որ երկիրը մտադիր է նաև բրիտանական AstraZeneca պատվաստանյութ ձեռք բերել Հարավային Կորեայից: Իրանը ևս 16 չափաբաժին կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 25 մլն չափաբաժին կներկրի, և ևս 25 մլն չափաբաժին կարտադրի երկրի ներսում:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 1.4 մլն-ի, իսկ հիվանդությունից մահացածներինը գերազանցել է 60 000-ը: