«Ոսկե գլոբուս»-ի 78-րդ արարողության ժամանակ «Թագուհու գամբիտը»-ը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ (լուսանկարներ)
«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակի հանձնման 78-րդ արարողությանը «Թագուհու գամբիտը» սերիալը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ, հաղորդում է Variety-ն։
Գրող Ուոլթեր Թևիսի համանուն վեպի վրա հիմնված Netflix-ի՝ վերջին ամիսներին ամենադիտված սերիալը, որը ստեղծել են ռեժիսորներ Սքոթ Ֆրենկը և Ալլան Սքոթը, նախօրեին կայացած հայտնի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է երկու անվանակարգում․ բացի «Տարվա լավագույն մինի սերիալ» տիտղոսից, սերիալի գլխավոր դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը ճանաչվել է տարվա լավագույն հեռուստատեսային դերասանուհի։
Իր ելույթի ժամանակ Թեյլոր-Ջոյը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սքոթ Ֆրենկին:
«Ես սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր Բեթի դերը»,- ասել է դերասանուհին։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ոսկե գլոբուս»-ի հանձնման 78-րդ արարողությունը տեղի է ունենում կիսավիրտուալ ձևաչափով և հեռարձակվում միանգամից երկու՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի բեմերից։
Դափնեկիրների հետ կապ է հաստատվում տեսակապով։ Ինչպես հայտնել են կազմակերպիչները, արձանիկները հաղթողներին կհասցվեն ավելի ուշ:
«Թագուհու գամբիտը» ամերիկյան դրամատիկական հեռուստատեսային մինի սերիալ է, որը հիմնված է Ուոլթեր Թևիսի 1983 թվականի համանուն վեպի վրա, գլխավոր դերում Անյա Թեյլոր-Ջոյն է: Այն ստեղծվել է Սքոթ Ֆրենկի և Ալլան Սքոթի կողմից և թողարկվել Netflix-ում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։
Սերիալը պատմում է ծնողազուրկ և տաղանդավոր շախմատիստուհի Բեթ Հարմոնի մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում «սառը պատերազմի» տարիներին։ Այն պատմում է աշխարհի լավագույն շախմատիստուհու կոչման ճանապարհին թմրակախվածության դեմ գլխավոր հերոսուհու պայքարի մասին։