Սյունիքի մարզպետի ջոկատի տղանե՞րն են գողացել Քաշաթաղի բնակչի անասունները
Քաշաթաղի շրջանի գյուղ Ծաղկաբերդի բնակչուհի Մարգարիտա Ալեքսանյանի անասունները 2020 թ. հոկտեբերի 19-ին՝ պատերազմի թեժ օրերին, ինչ-որ անձինք գողացել են, ու մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել գողերին: Նա Hraparak-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն ու երեխաները գյուղից դուրս էին գալիս և անասուններն էին քշում, որ գյուղից դուրս հանեն: Հանել հասցրել են Խնձորեսկի դաշտավայրը, և լսվել են կրակոցներ: «Ասացի՝ երեխեք եկեք ձեզ տանեմ տուն, հետո գամ կովերի հետևից: Երեխեքին թողեցի Գորիսում ու վերադարձա, որ անասուներս քշեմ բերեմ Գորիս, հետ եկա և տեսա՝ անասուներս չկան։ Երկու օր հետո եզդիներին ծախելուց բռնում եմ, բայց մենակ չորս անասուն, որից երկուսը իմն էր, իսկ էն երկուսը հարևանինս, մնացածը մինչև հիմա չկա»,- Hraparak.am-ին պատմեց տիկին Մարգարիտան: Նա ունեցել է 28 գլուխ անասուն, որից երկուսն է ընդամենը հայտնաբերել, 26-ը, ըստ նրա, գողացել վաճառել են:
Մարգարիտա Ալեքսանյանը նաև կասկածներ ունի՝ ովքեր են գողացել իր անասունները: «Ասեմ, որ իմ անասունները գողացել են Սյունիքի նորանշանակ մարզպետի ջոկատի տղաները և վաճառել են մարզպետի քրոջ որդուն, նա էլ վաճառել ա եզդիների վրա: Սա խմբակային գողություն է»,- ասաց նա:
Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ է, ի՞նչ են ասում, տիկին Մարգարիտան ասաց.
«Դիմել եմ, ասել են՝ հիմա պատերազմ ա, չենք կարող գործ հարուցել, ու քանի որ դուք Քաշաթաղից եք, պետք ա էնտեղ դիմեք ոստիկանություն։ Էն ժամանակ պատերազմ էր, դրա համար չեմ դիմել, հետո ես մոտեցա Սյունիքի մարզպետին, որպեսզի էդ հարցը իրա միջոցով լուծեինք, բայց ապարդյուն»:
Նա մեզ տրամադրեց նաև լուսանկարներ, որոնցում իր անասուններն են՝ բարձված բեռնատարների վրա, նաև Նիվա մակնիշի մեքենաներ են երևում, որոնք, ըստ մեր զրուցակցի, կապ ունեն անասնագողերի հետ, մասնավորապես, սպիտակ Նիվան, ըստ Մ. Ալեքսանյանի, մարզպետի քրոջ որդու մեքենան է: