«1 օրում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել մինչև 60%». Իրանի փոխնախագահ
Իրանն արդեն իսկ հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս:
Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, մենք այդպիսի ներուժի տիրապետում ենք: Եթե պատվեր է տրվում, ապա ներկայիս հնարավորություններով մենք կարող ենք այդ անել 24 ժամվա ընթացքում», - մանրամասնել է նա ՝ պատասխանելով լրագրողի՝ ուրանի մինչև 60 տոկոս հարստացման հավանականության վերաբերյալ հարցին:
Սալեհին շեշտել է, որ Թեհրանը 6 ամսվա ընթացքում պետք է կատարի երկրի խորհրդարանի հանձնարարականները 1 տարվա ընթացքում 120 կգ ուրանի 20 տոկոսով հարստացման վերաբերյալ, չնայած նրան, որ միջուկային գործարքի մասին համաձայնագրերը թույլ են տալիս հարստացումը հասցնել ընդամենը 3,67 տոկոսի:
«Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում մենք հարստացրել ենք 25-26 կգ ուրան: Այսինքն՝ երեք, չորս, հինգ կամ վեց ամիսների ընթացքում մենք կհասնենք ցանկալի 120 կիլոգրամին», - վստահեցրել է նա:
Վերջերս հայտնի էր դարձել, որ Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբ արտադրելու համար: Այս մասին հայտարարել էր ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն,-խմբ.) ղեկավար Ռաֆայել Գրոսին: Նրա խոսքով՝ Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում արտադրվել է 3,6 գրամ մետաղական ուրան:
Հիշեցնենք՝ Իրանը սկսել էր աստիճանաբար հրաժարվել միջուկային գործարքի պայմանների կատարումից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները 2018 թ. մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (միջուկային գործարք, -խմբ.) և սկսել էր խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարից Իրանը սկսել է 20 տոկոսով ուրանի հարստացման գործընթացը Ֆորդո ձեռնարկությունում: