Պենելոպա Կրուսը զարդարել է Marie Claire-ի շապիկը` խոսելով կարանտինային ռեժիմի «առավելությունների» ու ընտանեկան հարաբերությունների մասին
Դերասանուհի Պենելոպա Կրուսը հայտնվել է Marie Claire Greece ամսագրի մարտ ամսվա շապիկին, հայտնում է Greek City Times–ը։ Դերասանուհին խոսել է այն մասին, թե ինչպես է արգելափակումը նրան հնարավորություն տվել «ավելի շատ խորհել» և «էլ ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների համար առողջ սնունդ պատրաստելով»:
Իսպանիայում բնակվող 46-ամյա դերասանուհին լուսանկարում արձակված երկար մազերով և սպիտակ վերնաշապիկով է:
Ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ինքն ու ամուսինը՝ Խավիեր Բարդեմը, թույլ չեն տալիս իրենց դերասանական կարիերան գերակշռի ընտանեկան կյանքում: Հոլիվուդյան աստղերն ամուսնացած են 2010 թվականից և ունեն 2 զավակ՝ 10-ամյա Լեոն և 7-ամյա Լունան:
«Ցանկացած զույգի պես, մենք խոսում ենք մեր աշխատանքի և, համապատասխանաբար, մեր հերոսների, այս կամ այն տեսարանի մասին», - ասել է նա և հավելել, – «Երբեմն մենք գաղափարներ ենք փոխանակում, սակայն, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ մեր աշխատանքին, մենք փորձում ենք այն թողնել տան դռնից դուրս»:
Իսպանացի դերասանուհին նաև նշել է, որ փորձում է շատ չկենտրոնանալ իրեն գովերգող խոսքերի վրա և երբեք չի նայում իր մասին բացասական մեկնաբանությունները․«Ինչ վերաբերում է բացասական մեկնաբանություններին, ես ոչինչ չգիտեմ, քանի որ երբեք չեմ տեսնում, թե ինչ կա Google-ում: Դա իսկապես շատ վատ սովորություն կլիներ իմ հոգեկան առողջության համար: Ես արդարացիորեն մտահոգված եմ իմ ընտանիքի և ընկերների կարծիքի համար»:
Դերասանուհին նշել է, որ շնորհակալ է այն մարդկանց, որոնք սիրում են իր ֆիլմերը և գրում են իրեն, ավելին` առավելագույնս փորձում է պատասխանել նամակներին: