ՌԴ-ում Boeing-ն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խնդիրների պատճառով
Boeing-777 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանում շարժիչի խնդիրների պատճառով: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել: Ոչ ոք չի տուժել», - գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ ինքնաթիռը տեղափոխել է և՛ ուղևորներ, և՛ բեռներ:
Հիշեցնենք՝ վերջերս Boeing ինքնաթիռների շարժիչների հետ մի շարք խնդիրների են առաջացել: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում մի քանի օր առաջ Boeing 757-200 ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել շարժիչի խնդիրների պատճառով:
Դեպքից մի քանի օր առաջ էլ Boeing 777 մեկ այլ ինքաթիռի շարժիչն էր հրդեհվել թռիչքի ժամանակ, որի բեկորներն ընկել էին Կոլորադոյի Բլումֆիլդ քաղաքի վրա: Զոհեր չեն եղել:
Նույն օրը Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռի շարժիչն էր հրդեհվել հոլանդական Մերսսեն համայնքի երկնքում: Դրա բեկորները ընկել էին գյուղի վրա, որի հետևանքով 1 կին էր վիրավորվել, վնասվել էին մի քանի մեքենաներ: