Հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտիմետրերով չեն չափվում․ Հունան Պողոսյանը միանում է Փաշինյանի հեռացման պահանջին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդիպեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ես հանրային համերաշխության կոչ եմ անում, և ձախողված մարդիկ պետք է գնան»,- ասաց Պողոսյանը:
- Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է:
- Ես չեմ կարծում՝ որևէ մեկը կա, որ մտածում է՝ մեր կառավարությունը չի ձախողվել:
- Դուք ինչո՞ւ հրաժարական տվեցիք մարզպետի պաշտոնից:
- Ես դրա մասին խոսել եմ, հրաժարական տվեցի նախ որպես գեներալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա, որովհետև հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտիմետրերով չեն չափվում: Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպանությանը, սահմանների պաշտպանությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար և ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց:
-Դուք տեսաք այսօր զինվորականների, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարությունը, միանո՞ւմ եք այդ հայտարարությանը՝ որպես գեներալ:
-Իհարկե՝ միանում եմ, ավելին ասեմ՝ ոչ թե միանում եմ, այլ ցանկացած նման ողջամիտ հայտարարություն, երկրի ներկայով ու ապագայով մտահոգ մարդկանց կարծիքը կոնկրետ մտահոգություն է: Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից:
-Նիկոլ Փաշինյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է:
-Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, կարող եք հարցնել ամենասկսնակ իրավաբանից, վերջացնել ամենալուրջ իրավաբանով, կտեսնեք՝ բոլորի պատասխանը նույնն է:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը, երբ մի կողմում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, մյուս կողմում՝ նրա հրաժարականը պահանջողները:
-Գիտե՞ք ինչ, խիստ պայմանական է «աջակից» ասել, և էստեղ մաթեմատիկական հաշվարկ պետք չէ անել՝ քանի հոգի են այստեղ, քանի հոգի՝ այնտեղ: Նորից եմ ասում՝ հանրային համերաշխության կոչ եմ անում՝ թողնել ամեն ինչ և երկիր կառուցել:
-Բայց նա չի ուզում թողնել ու փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է ժողովրդի աջակցությունը:
-Ինքը և իր խիղճը: Ես այլ բան չունեմ ասելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: