Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:
«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:
Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»։