Բավարիայի հարյուրավոր դպրոցներում իսլամ կդասավանդվի
Աշնանը Բավարիայի որոշ դպրոցներ նոր առարկա կմտցնեն՝ իսլամի դաս: Այս մասին տեղեկացնում է euromag.ru կայքը:
Ուսանողները կկարողանան ընտրություն կատարել իսլամի, էթիկայի կամ կրոնագիտության ուսումնասիրության միջև, ընդ որում նորամուծությունը կհայտնվի Բավարիայի 6000 դպրոցներից միայն 350-ում:
Իսլամը կդասավանդվի գերմաներեն լեզվով, ուսուցիչները հաշվի կառնեն Բավարիայի օրենքները և գերմանական սահմանադրությունը:
Մուսուլմանների խնդիրները Գերմանիայում վերջին շրջանում բավականին սուր են: 2018 թվականին ՆԳ նոր նախարար Հորստ Զեեհոֆերը հայտարարել էր, որ, իր կարծիքով, «իսլամը տեղ չունի» երկրում:
Այս դիրքորոշումը կտրուկ հակադրվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը:
2015 թվականին, երբ սկսել էին աճել հակամիգրանտական տրամադրությունները, Մերկելը հայտարարել էր, որ հավատում է, որ իսլամը Գերմանիայի մաս է կազմում՝ կրկնելով նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի խոսքերը:
Bild պարբերականին տված հարցազրույցում Զեեհոֆերն ասել էր, որ Գերմանիան ձևավորվել է քրիստոնեության շնորհիվ, և որ երկիրը չպետք է հրաժարվի իր ավանդույթներից:
«Մուսուլմանները, որոնք ապրում են մեզ հետ, անշուշտ պատկանում են Գերմանիային»,-ավելացրել է նա: