ՄՕԿ-ը 2032-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու նախընտրելի հայտատու է հայտարարել Բրիսբենը
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2032 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու նախընտրելի հայտատու է հայտարարել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքը, հայտնում է BBC Sport–ը: ՄՕԿ-ի ապագա ընդունող հանձնաժողովը խորհուրդ է տվել մարմնին «նպատակային երկխոսության» մեջ մտնել Ավստրալիայի օլիմպիական կոմիտեի հետ:
Մի քանի քաղաքներ և երկրներ ցանկություն էին հայտնել անցկացնել Խաղերը, այդ թվում ՝ Ինդոնեզիան, Բուդապեշտը, Չինաստանը, Դոհան և Գերմանիայի Ռուր հովիտը:
Նախկինում Օլիմպիական խաղերն Ավստրալիայում անցկացվել էին 2000 թվականին՝ Սիդնեյում: Իսկ 2018 թվականին Քուինսլենդում կայացել են «Ազգերի համագործակցության» խաղերը։ Բրիսբենը բարձր է գնահատվել համապատասխան վայրերի քանակի, լավ գլխավոր հատակագծի, խոշոր միջոցառումների կազմակերպման փորձի և բարենպաստ եղանակի համար:
ՄՕԿ-ը 2019 թվականին վերանայել է իր հայտերի կանոնները` ծախսերը նվազեցնելու և քաղաքների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով: 2020 թվականի հետաձգված Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Ճապոնիայի Տոկիո քաղաքում 2021 թվականի ամռանը։ 2024 թվականի Օլիմպիական խաղերը կայանալու են Փարիզում, իսկ 2028–ին՝ Լոս Անջելեսում:
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ասել է, որ ծանրամարտը կարող է հանվել օլիմպիական ծրագրից մինչև 2024 թվականը, եթե սպորտի միջազգային ֆեդերացիան չկարողանա բարեփոխումներ իրականացնել դոպինգի դեմ պայքարում: