Կուրցը կողմ է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար Եվրոպայում «կանաչ անձնագրերի» ներդրման օգտին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպայի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար «կանաչ անձնագրերի» ներդրումը քաղաքացիներին կրկին հնարավորություն կտա ճանապարհորդել Եվրամիության երկրներում: Այս մասին ասված է քաղաքական գործչի Twitter-ի էջում հրապարակված տեսագրության մեջ։
Կուրցն առաջարկել է նման «անձնագրեր» տրամադրել այն մարդկանց, որոնք կա՛մ պատվաստվել են COVID-19-ի դեմ, կա՛մ վարակված են եղել և ապաքինվել են, կա՛մ վերջին շրջանում թեստ են հանձնել, որը բացասական է եղել։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա վերադառնալ համեմատաբար նորմալ կյանքին։
«Նման համակարգ է գործում Իսրայելում, ուստի ես ակնկալում եմ, որ մենք դա կիրականացնենք Եվրոպայում»,- հավելել է քաղաքական գործիչը:
Կանցլերը մտադիր է իր առաջարկը հնչեցնել ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ եթե իր առաջարկը ԵՄ-ում հավանություն չստանա, «կանաչ անձնագրերի» գաղափարը կիրագործի Ավստրիայում և հարևան երկրներին կառաջարկի մասնակցել այդ նախագծին: