18 մլն մարդ. ԱՄՆ-ում 8 տարվա ընթացքում ավելի քան 60%-ով ավելացել է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների թիվը. Gallup
Gallup միջազգային առաջատար հետազոտական և խորհրդատվական ընկերությունն հարցում է իրականացրել ամերիկացիների շրջանում, որի արդյունքների համաձայն` ԱՄՆ-ում 2012-ից 2020 թվականների ընթացքում 60 տոկոսով ավելացել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց թիվը, գրում է The Guardian-ը:
Ըստ հարցման արդյունքների՝ երկրում բնակվող չափահաս անձանց 5,6 տոկոսը՝ ավելի քան 18 միլիոն մարդ, հարում է ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) համայնքին. համեմատության կարգով նշվում է, որ 2017 թվականին, երբ անցկացվել է ընկերության նախորդ հարցումը, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների թիվը կազմել է 4,5 տոկոս:
Ընկերության տվյալների համաձայն՝ ԼԳԲՏՔ համայնքին ավելի շատ հարում են 18-23 տարեկան անձինք. յուրաքանչյուր 6 անձից 1-ն ունի ոչ ավանդական սեռական կողնորոշում (15,9 տոկոս): Ինչ վերաբերում է տարիքով ավելի մեծ բնակիչներին, ապա հարցման տվյալները ցույց են տվել, որ մինչ 1965 թվականը ծնվածների միայն 2 տոկոսն է հարել համայնքին:
Ինչ վերաբերում է սեռական կողմնորոշումներին, ապա Gallup-ի տվյալների համաձայն, մասնակիցների 54,6 տոկոսն իրեն համարել է բիսեքսուալ (անձ, որը նախասիրություն ունի նույն և հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ), 24,5 տոկոսը՝ գեյ (տղամարդ, որը նախասիրություն ունի նույն սեռի ներկայացուցիչների նկատմամբ), 11,7 տոկոսը՝ լեսբի (կին, որը նախասիրություն ունի նույն սեռի ներկայացուցիչների նկատմամբ), իսկ 11,3 տոկոսը՝ տրանսգենդեր (ծննդյան ժամանակ գրանցված սեռով անձի գենդերային արտահայտության անհամապատասխանություն): Ավելի քան 3 տոկոսն էլ սեփական սեռական կողմնորոշումն անվանել է պանսեքսուալ (մարդկանց հանդեպ ռոմանտիկ և սեքսուալ հակումը՝ անկախ կենսաբանական սեռից և գենդերային ինքնությունից) կամ քվիր (տերմին սեռական և գենդերային այլ ինքնություն ունեցող այն անձանց համար, որոնք չեն համապատասխանում հետերոսեքսուալ ինքնությանը):
Բացի այդ, ընկերությունը շեշտում է, որ ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքն ավելի դրական միտում է գրանցել:
Հարցման մասնակիցների 67 տոկոսը նշել է, որ կողմ է համասեռամոլների ամուսնություններին: