ԱՄՆ իշխանությունները Կոնգրեսի շենքը վերականգնելու համար ստիպված կլինեն ավելի քան 30 մլն դոլար ծախսել
Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո վերանորոգման աշխատանքների համար հարկավոր կլինի ավելի քան 30 մլն դոլար, նման գնահատական է հնչեցրել Կապիտոլիումի ճարտարապետ Բրետ Բլանտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Բլանտոնի գրասենյակը պատասխանատու է Կոնգրեսի շենքի սպասարկման և շահագործման տարբեր աշխատանքների իրականացման համար: Նա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի լսումներին։ Բլանտոնը կոնգրեսականներին գրավոր դիմում է փոխանցել՝ նշելով, որ Կոնգրեսի շենքում գրոհից հետո այն վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 30 մլն դոլար հատկացնել։
Մասնագետը նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով կոտրվել են ապակիներ, դռներ, տարբեր վայրերում գրաֆիտիներ են արվել։ Վնասվել են որոշ արձաններ և որմնանկարներ։
Բլանտոնը նաև օրենսդիրներին խնդրել է միջոցներ հատկացնել փորձաքննության անցկացման համար, որը, նրա խոսքով, «թույլ կտա որոշել՝ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկել ԱՄՆ Կոնգրեսի շենք նոր ներխուժումները կանխելու համար» ։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: