«Կրեմլը մտահոգությամբ հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին. այն պետք է մնա սահմանադրական դաշտում». Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
Կրեմլը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ:
Նման հայտարարությամն է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով՝ Հայաստանը Կովկասում ՌԴ կարևոր և սերտ դաշնակիցներից է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը», - այսօր ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
Պեսկովը հավելել է նաև, որ Մոսկվան կոչ է անում բոլորին հանդարտվել և որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում:
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:
Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։