Թուրքիայում երեք մարդու դատապարտել են 4 տարվա ազատազրկման՝ Կառլոս Գոնի փախուստը կազմակերպելու համար
Թուրքական դատարանը մասնավոր ավիաընկերության աշխատակցին եւ երկու օդաչուների մեղավոր է ճանաչել 2019-ին Ճապոնիայից Nissan Motor Co.-ի նախկին նախագահ Կառլոս Գոնի փախուստին մասնակցելու մեջ եւ յուրաքանչյուրին դատապարտել է չորս տարի երկու ամսվա ազատազրկման, հայտնում է AP-ն:
Ստամբուլի դատարանը արդարացրել է «միգրանտի անօրինական տեղափոխման» մեջ մեղադրվող երկու մյուս օդաչուներին: Երկու բորտուղեկցորդներ նույնպես արդարացվել են:
2018-ին ֆինանսական խարդախության մեղադրանքով Տոկիոյում ձերբակալված Գոնը փախել էր մինչեւ դատավարությունը: Նրան մասնավոր ինքնաթիռով Օսակայից տեղափոխել էին Ստամբուլ, այնուհետեւ մեկ այլ ինքնաթիռով՝ Բեյրութ, ուր նա ժամանել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին: Համարվում է, որ նա թաքնված է եղել մեծ արկղի մեջ:
Թուրքական MNG Jet ավիաընկերությունը խոստովանել է, որ իր երկու ինքնաթիռներն ապօրինի օգտագործվել են Գոնի փախուստի ժամանակ՝ նրան տեղափոխելով Ստամբուլ, ապա՝ Բեյրութ: Ընկերությունը հայտարարել է, որ իր աշխատակիցը կեղծել է թռիչքների գրառումները։
Ֆրանսիայի, Լիբանանի եւ Բրազիլիայի քաղաքացիություն ունեցող Գոնը երկու տասնամյակ ղեկավարել է Nissan-ը: 66-ամյա տղամարդը հետախուզվում էր վստահությունը չարաշահելու, ընկերության ակտիվները անձնական շահերի համար օգտագործելու եւ արժեթղթերի մասին օրենքները խախտելու մեղադրանքով: Նա ասել է, որ փախել է, քանի որ չէր կարող արդար դատավարություն ակնկալել Ճապոնիայում: Լիբանանը Ճապոնիայի հետ արտահանձնման պայմանագիր չունի:
Բացի Ճապոնիայում ընթացող դատական գործընթացներից, Ֆրանսիայում գործարարը բախվել է իրավական խնդիրների, քանի որ ղեկավարում էր նաեւ Renault-Nissan դաշինքը՝ ներառյալ հարկերից խուսափելու, փողերի լվացման, խարդախության եւ ընկերության ակտիվների չարաշահման մեղադրանքները: