Թուրքիայի 1400 քաղաքացի մասնակցել է Բողազիչի համալսարանի նախկին ռեկտորի պաշտպանության համար նախաձեռնված ստորագրահավաքին
Թուրքիայի ավելի քան 1400 քաղաքացի ստորագրել է համատեղ հայտարարություն՝ ի պաշտպանություն թուրք ակադեմիկոս և Ստամբուլի Բողազիչի համալսարանի նախկին ռեկտոր Ուսքուն Էրգուդերի, որին Անկարան մեղադրել է շաբաթներ տևող բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հայտնում է Ahval–ը։
Ակադեմիկոս Ուսքուն Էրգուդերը երկար ժամանակ ժողովրդավարության, ազատության, հավասարության, իրավունքի և համալսարանների ինքնավարության կողմնակից է եղել:
Էրգուդերը թիրախավորվել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի կողմից՝ երկրի բարձրագույն համալսարանում կառավարության հետ կապ ունեցող անձին ռեկտորի պաշտոնում նշանակելը քննադատելու համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բողազիչի համալսարանի ռեկտորի պաշտոնում Մելիհ Բուլուի նշանակումը բողոքի ալիք էր բարձրացրել ամբողջ երկրում։ Տարբեր քաղաքներում ընթացող ցույցերի ընթացքում ձերբակալվել են բազմաթիվ ուսանողներ, թուրք գիտնականները պահաջել են ռեկտորի հրաժարականը։ Կառավարությունն, իր հերթին, ցուցարարներին և նրանց աջակիցներին քրեական պատասխանատվության է ենթարկել՝ որպես «ահաբեկիչներ», ինչը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության հետ, որ ցուցարարները «ահաբեկիչներ են»։