ԱՄՆ-ն 1 մլն դոլար է առաջարկել ղրղզ թմրաբարոնի խմբավորման բացահայտման մասին տեղեկատվության համար
ԱՄՆ-ն 1 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում Ղրղզստանի քրեական հեղինակություն Կամչի Կոլբաեւի հանցավոր խմբավորման բացահայտման մասին տեղեկատվության համար, այսօր հայտնել է Բիշքեկում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ-ն 1 մլն դոլարի պարգեւատրում է առաջարկում տեղեկատվության համար, որը կհանգեցնի Կամչի Կոլբաեւի հանցավոր ցանցի ոչնչացմանը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:
Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն Ղրղզստանում եւ ամբողջ աշխարհում շարունակում է աջակցել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին:
«ԱՄՆ-ն ընդունում է ամբողջ աշխարհում կոռուպցիայի ապակայունացնող ազդեցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել է իր առաջնահերթությունը: ԱՄՆ կառավարությունը բռնագրավել եւ հաջողությամբ տուժած երկրներին է վերադարձրել ավելի քան միլիարդ դոլարի կոռուպցիոն եկամուտներ: ԱՄՆ-ն միայն 2020 թվականին հրապարակել է օտարերկրյա պետությունների 41 կոռումպացված պաշտոնյաների անուններ՝ նրանց եւ նրանց ընտանիքներին մերժելով ԱՄՆ մուտքը, ներառյալ Ղրղզստանի Մաքսային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Ռաիմբեկ Մատրաիմովին, որը կալանավորվել է կոռուպցիայի եւ հանցավոր եկամուտների օրինականացման մեղադրանքով»,- նշել են մամուլի ծառայությունից:
2020 թվականի հոկտեմբերի 22-ին Բիշքեկում ձերբակալվել էր քրեական հեղինակություն Կամչի Կոլբաեւը:
ԱՄՆ հատուկ ծառայությունները 2012 թվականին Կոլբաեւին ներառել էին աշխարհի ամենախոշոր թմրաբարոնների ցուցակի մեջ: ԱՄՆ իշխանությունները 2017 թվականին «սեւ ցուցակի» մեջ էին մտցրել նախկին ԽՍՀՄ-ի 10 քրեական հեղինակությունների անունները, ցուցակում նշված է նաեւ Կոլբաեւը: ԱՄՆ տարածքում «սեւ ցուցակի» մեջ մտած անձանց սեփականության հայտնաբերման դեպքում այն ենթակա է կալանքի: