Ռոհանի. ԳՀՀԾ-ի պահպանումն Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության դադարեցմանն ուղղված քայլեր է ենթադրում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանումը Միացյալ Նահանգների կողմից Իրանի պետության դեմ տնտեսական ահաբեկչության դադարեցմանն ուղղված քայլեր է ենթադրում, հայտնում է Mehr-ը:
«ԱՄՆ նոր վարչակազմը պետք է անհապաղ դադարեցնի տնտեսական ահաբեկչությունը: Եթե դա տեղի ունենա, ապա ճանապարհը կբացվի, այդ ժամանակ մենք կկարողանանք բանակցել եւ խոսել»,- չորեքշաբթի ասել է Ռոհանին կառավարության նիստին:
Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահը նշել է, որ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններ չեն լինի, քանի որ դա արդեն պատրաստի գործարք է եւ ենթակա չէ վերանայման, եւ բանակցությունները կընթանան այդ գործարքի շրջանակներում:
Ռոհանին վերահաստատել է, որ ԱՄՆ-ն եւ եվրոպական կողմերը պետք է հարգեն իրենց ստանձնած պարտավորությունները` չնայած վերջին տարիների իրենց վարքագծին, եւ ասել. «Մենք կրճատել ենք մեր պարտավորությունները, բայց դեռ հավատարիմ ենք ԳՀՀԾ-ին եւ փորձում ենք պաշտպանել այն»:
«Մենք այն կողմն էինք, որը պահպանեց այն (ԳՀՀԾ-ն` խմբ.): Եթե մենք համբերություն չունենայինք տնտեսական պատերազմի երեք տարիների ընթացքում, ապա Պակտն այսօր չէր լինի»,- հավելել է նա:
Նա նշել է, որ միջուկային գործարքը պահպանվել է Իրանի ժողովրդի համբերատարության եւ դիմադրության շնորհիվ` հավելելով, որ ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից, իսկ Եվրոպան վախից ոչինչ չձեռնարկեց, սակայն Իրանը, նույնը անելու փոխարեն, մնաց գործարքում: