Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանում ծաղիկներ դրեցին «Հավերժական կրակի» մոտ. Ներկա էր նաև Սերգեյ Կոպիրկինը. Նա պատասխանել է լրագրողների հարցերին (լուսանկարներ)
Երևանում փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Անմար կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարում:
Վերջինիս խոսքով՝ խորհրդային զինված ուժերի` առաջին հերթին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակները հավերժ գրվել են մեր ժողովուրդների պատմության մեջ:
Նա հիշեցրեց, որ այս տարի Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի հետ կապված եւս մի տարեդարձ է նշվելու: «Փետրվարի 23-ը նշանային է հետխորհրդային բոլոր երկրների համար: Խորհրդային հանրապետությունները շատ մեծ ներդրում ունեցան մարտական եղբայրության ամրապնդման գործում: Հանրապետությունները, հատկապես` Հայաստանը, շատ մեծ ներդրում ունեցան նրանում, որ մենք ապրում ենք ձեզ հետ միասին, որ աշխարհը չի ընկել ֆաշիզմի եւ նացիզմի անդունդը: Այս օրը եւս մի առիթ է հիշելու մեր նախնիներին, մեր փառահեղ ռազմական անցյալը եւ, հիմնվելով այդ ավանդույթների վրա, չնայած որեւէ խնդրի եւ մարտահրավերի, վստահորեն նայելու դեպի ապագա: Կարևորը` հիշել, թե ինչն է մեզ միավորում եւ ուժեղ դարձնում»,- հավելեց ՌԴ դեսպանը:
Հիշենք, որ տոնը խորհրդային ծագում ունի. փետրվարի 23-ը Վլադիմիր Լենինի կողմից 1918 թվականին Բանվորագյուղացիական կարմիր բանակի ստեղծման օրն է: Հայաստանում այն ոչ պաշտոնապես նշվում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած միջին եւ ավագ սերնդի մարդկանց կողմից:
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձման գործընթացին, Կոպիրկինը փաստել է, որ կցանկանար այն ավելի արագ ընթանար և «բոլորը բոլորի հետ» սկզբունքով:
Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձի աշխատանքը դժվարին է, բայց մշտապես կատարվում է, այդ թվում՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Նա հիշեցրեց, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նոր խմբերի վերադարձի մասին: «Այս պահին ես տեղեկություններ չունեմ ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին»,- միևնույն ժամանակ նշեց Կոպիրկինը:
Ըստ Կոպիրկինի՝ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ՀՀ Զինված ուժերի վերաձևավորմանը: Նա հավելեց, որ այժմ ինտենսիվ շփումներ են ընթանում ամենատարբեր ուղղություններով Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ: Նրա խոսքով՝ քննարկվում են երկու երկրների, զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցության ամրապնդման ամենատարբեր ուղղություններով:
«Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվին, այդ առումով տեղեկություն տալու առանձնաշնորհ չունեմ: Դա անում են մարդիկ, ովքեր անմիջականորեն պատասխանատու են դրա համար»,-նշեց դեսպանը:
Ըստ Կոպիրկինի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հավանաբար, կայցելեն տարածաշրջան: Նրա խոսքով՝ համանախագահները մշտական կապի մեջ են միմյանց հետ, պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, և, հավանաբար կայցելեն տարածաշրջան:
Նշենք նաև, որ ՌԴ դեսպանը մեկնաբանել է պատմության դասագրքերում Արևելյան Հայաստանի վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկությունները:
Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում փոփոխություններ են կատարվել Արևելյան Հայաստան ձևակերպման առումով, նա պարզաբանեց, որ այդ աղբյուրներին չի մեկնաբանի: «Ես այլ տեղեկություններ չունեմ»,- հավելեց դեսպանը: Ես կարող եմ հիմնվել այն նույն աղբյուրների վրա, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ուղերձներ է հղել Ռուսաստանի ԱԳՆ եւ լուսավորության նախարարություն՝ պահանջելով փոփոխություններ կատարել Ռուսաստանի պատմության դասագրքերի այն բաժնում, որն առնչվում է Թուրքմենչայի պայմանագրին, եւ նշել, որ Արևելյան Հայաստանը միայն աշխարհագրական անվանում է: