Հայաստանում ե՞րբ կսկսեն կատարել ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգենային փոխպատվաստումը
Հայաստանում 2017 թվականի ապրիլին անցկացրել էին ոսկրածուծի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման առաջին վիրահատությունը, որի ընթացքում բարձր դեղաչափով քիմիաթերապիայից հետո պացիենտին փոխպատվաստում են իր սեփական բջիջները: Այսպիսի միջամտությունը կարող է առողջանալու հնարավորություն տալ որոշ չարորակ հիվանդություններով պացիենտներին, որոնց քիմիաթերապիան եւ բուժման մյուս մեթոդներն այլեւս չեն օգնում:
Հայաստանում մինչ օրս կատարվել է այդպիսի արդեն 11 վիրահատություն: Պացիենտների թվում է եղել նաեւ երկու տարեկան աղջիկ: Մասնագետները հիմա արդեն պատրաստվում են, այսպես կոչված, ալոգենային փախպատվաստման առաջին վիրահատությունների անցկացմանը, որոնց ժամանակ փոխպատվաստվում են ոչ թե սեփական, այլ դոնորային ցողունային բջիջները:
Պարզից դեպի բարդ
Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ նախատեսում են ալոգենային փոխպատվաստման առաջին վիրահատություններն անցկացնել արդեն մոտ ապագայում, սակայն առայժմ անհնար է ստույգ օր նշել:
Ալոգենային փոխպատվաստումը շատ ավելի բարդ է, քան աուտոփոխպատվաստումը, եւ լուրջ պատրաստվածություն է պահանջում: Այսպիսի փոխպատվաստման դեպքում բարդությունների ռիսկերը ավելի բարձր են, եւ կլինիկայի անձնակազմը պետք է պատրաստ լինի, որպեսզի դրանք հաղթահարի հնարավորինս արդյունավետ եւ գրագետ:
Մասնագետի խոսքով՝ նախատեսվում է առաջին վիրահատությունները կատարել ոչ չարորակ հիվանդություններով պացիենտներին. օրինակ՝ գոյություն ունեն արյան ոչ չարորակ հիվանդություններ, անեմիայի, թալասեմիայի որոշ տեսակներ, որոնց դեպքում փոխպատվաստումը նույնպես ցուցված է, բայց որոնց դեպքում բարդությունների ռիսկն ավելի փոքր է, իսկ հաջողության հվանականությունը՝ բարձր, քան չարորակ եւ ավելի վտանգավոր հիվանդությունների դեպքում:
Ամենայն հավանականությամբ, առաջին պացիենտները կլինեն այդպիսի հիվանդություններով երեխաները, որոնք արդեն ունեն համապատասխանող, համետեղելի դոնորներ:
«Ծրագրի հաջողությունը կախված է նաեւ առաջին պացիենտների ճիշտ ընտրությունից, որ ծրագիրն ի սկզբանե ձախողման դատապարտված չլինի, եւ որպեսզի բարդություններ քիչ լինեն, ու անձնակազմը կարողանա դրանք հաղթահարել եւ սովորել, որ հետագայում ի վիճակի լինի հաղթահարելու նաեւ ավելի բարդ դեպքերը: Մենք պետք է ընթանանք պարզից դեպի բարդը, այլ ոչ թե սկսենք միանգամից բարդ դեպքերից, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի եհտ»,- ասաց Գեւորգ Թամամյանը:
Առաջին 11 պացիենտները
Ինչ վերաբերում է առաջին 11 պացինետներին, որոնց կատարվել է ոսկրածուծի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, ինչպես նշեց մասնագետը, բոլորն ունեցել են ծանր հիվանդություններ՝ ոչ այնքան լավ կանխատեսմամբ: Նրանց թվում եղել են բարձր ռիսկի առաջնային նեյրոբլաստոմայով պացիենտներ, ինչպես նաեւ կրկնվող հիվանդություններով, այդ թվում՝ Յուինգի սարկոմայով պացիենտներ:
Օրինակ՝ պացիենտ կար, որի մոտ բուժումից հետո հիվանդությունը մի քանի անգամ վերադարձել էր, եւ քիմիաթերապիան այլեւս չէր ազդում, ուստի որոշվեց անցկացնել բարձր դեղաչափով քիմիաթերապիա եւ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում:
Մասնագետի խոսքով՝ բուն փոխպատվաստումը սովորաբար հաջող է ընթանում, բայց, ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում երբեմն գրանցվում են հիվանդության կրկնակի առաջացման դեպքեր: Այդպիսի մի քանմի հիվանդ է եղել նաեւ Հայաստանում, բուժումից հետո ինչ-որ ժամանակ անց նրանք երկրորդ անգամ են հիվանդացել եւ մահացել են: Սակայն մյուսների բուժումը դրական է համարվում, եւ այդ պացիենտները հիմա ռեմիսիայի վիճակում են: