Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը. Regnum
ԱՄՆ իշխանություններն առաջին քայլն են արել՝ ուղղված Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը և իրանական միջուկային ծրագրին վերադառնալու մտադրություն հայտնել: Դրա ապացույցն է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռիչարդ Միսլը հետ է կանչել 2020 թվականին միջազգային կազմակերպությանն ուղարկված դիմումներն Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Այս մասին գրում է REGNUM գործակալությունը՝ հաջորդիվ ներկայացնելով Իրանի հետ 2015-ին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տեղի ունեցող իրադարձությունների ընթացքն ու ստեղծված իրավիճակը: Ի դեպ, այդ համաձայնագրով ենթադրվում էր, որ Իրանը կհրաժարվի ուրանի հարստացումից և միջուկային զենքի ստեղծումից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Բացի այդ, տվյալ պայմանագիրն Իրանին հնարավորություն է տալիս զարգացնել սեփական միջուկային էներգետիկան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հրամանագիր էր ստորագրել միջուկային գործարքից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալու մասին և աստիճանաբար Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներ է սահմանել: Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններն այնքան էին սրվել, որ վերջիններս գտնվում էին ռազմական բախումից մեկ քայլի հեռավորությամբ:
Գործակալությունը հիշատակել է նաև 2020 թվականի հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոյելմանիի սպանությունից հետո Իրաքում ամերիկյան բազայի ուղղությամբ հասցված իրանական հարվածները: Ինչպես հոդվածագիրը շեշտում է, պետք է արժանին մատուցել Թրամփին, որը հրաժարվեց հակամարտության հետագա սրումից: «Կարևոր հանգամանք էր այն, որ ամերիկացիներն անդառնալի կորուստներ չունեցան հրթիռային հարվածի հետևանքով: Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ Թրամփը և նրա թիմի որոշ անդամներ որոշակիորեն սթափվեցին, ինչը տեղի ունեցով իրավիճակի իրական գնահատման արդյունքում»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Ստեղծված իրավիճակի հետագա վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՄՆ ռազմական կառույցները Մերձավոր Արևելքում գործնականում որևէ պաշտպանվածություն չունեն՝ ո՛չ պասիվ՝ հզոր ապաստարանների տեսքով, ո՛չ ակտիվ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով: Միևնույն ժամանակ Իրանը տիրապետում է հզոր հրթիռային զենքի»,- ասվում է հոդվածում:
Աղբյուրն ընդգծում է, որ «Այն ալ-Ասադ» իրաքյան ռազմաբազայի ուղղությամբ հարվածներ էին հասցվել իրանական Fateh-313 բալիստիկ հրթիռներով: Իրանական բալիստիկ հրթիռների ճշգրտությունը հավանական շրջանաձև շեղման ցուցանիշով եղել է 50 մետրի սահմաններում: Հրթիռային զենքի այդ հատկություններն Իրանին թույլ են տալիս խոցել անգամ ոչ մեծ տարածք զբաղեցնող ռազմական թիրախները, ինչն, անկասկած հարցականի տակ է դնում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ Զինված ուժերի զորակազմի արդյունավետությունը:
Այդպիսով, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին բավականին լուրջ ռազմաքաղաքական խնդիր է ժառանգություն հասել:
«Իհարկե, Բայդենն Իսրայելի համար այնքան մեծ բարեկամ չէ, ինչպես Թրամփը, և նա կարող է սպասողական դիրք զբաղեցնել՝ խնդիրը հիմնականում Թել Ավիվի ուսերին թողնելով: Սակայն նման ռամզավարությունը ոչ միշտ է ցանկալի արդյունք տալիս: Ամենայն հավանականությամբ, նման մոտեցումը կավարտվի խոշոր տարածաշրջանային ռազմական առճակատմամբ»,- նկատում է հոդվածագիրը:
«Ներկա պահին ԱՄՆ պատժամիջոցային դիրքորոշմանն ի պատասխան Իրանը հետևողականորեն, քայլ առ քայլ հրաժարվում է միջուկային ծրագրով նախատեսված սահմանափակումներից: Իրանն օրեր առաջ նույնիսկ սպառնացել էր, որ կարգելի ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների աշխատանքը երկրում, եթե պատժամիջոցները չվերացվեն: Իրանին մնում է միայն ամբողջովին դուրս գալ միջուկային ծրագրից և միջուկային զենք ստեղծել»,- նկատում է գործակալությունը:
Ինչպես աղբյուրը նշում է, Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում երկու անգամ արդեն կանխարգելիչ հարվածներ հասցրել է այլ երկրների միջուկային ծրագրերի հետ կապված կառույցներին: 1981 թվականին Իսրայելը «Օպերա» արշավի շրջանակներում ոչնչացրել է իրանական «Օսիրաք» ատոմային ռեակտորը: 2007 թվականին իրականացված արշավի շրջանակներում սիրիական Դեր Զոր նահանգում ամբողջովին ավերվել է ենթադրյալ միջուկային ռեակտորը:
«Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքների ուղղությամբ Իսրայելի հարվածի հավանականությունն ի պատասխան ցանկացած լուրջ միջուկային ծրագրի հաջողության մոտ է 100 տոկոսի: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքի ուղղությամբ հարվածի դեպքում անպայման կպատասխանի հակառակորդին, տվյալ հիպոթեզային պարագայում՝ հրեական պետության տարածքին: Ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները ստիպված կլինի հանդես գալ Իսրայելի կողմից, քանի որ հանդիսանւմ է նրա գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում: Գուցե Բայդենի օրոք ԱՄՆ զինվորականները չմասնակցեն առաջին հարվածին, սակայն հետագայում ստիպված կլինեն ներգրավվել: Իսկ Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում նախագահի տատանման պարագայում վճռականություն կդրսևորի ԱՄՆ Կոնգրեսը: Հաշվի առնելով Թեհրանի հրթիռային ներուժը՝ տվյալ ռազմական բախումը բավականին արյունալի կլինի, և դրա հնարավոր հանգուցալուծումը կանխատեսելը հեշտ չէ»,- ասվում է հոդվածում:
«Հարկ է նկատել, որ միջուկային ծրագրի վերականգնման հարցով պայմանավորվածություն ձեռք բերելու ներկայիս հեռանկարը կախված է այն հանգամանքից, թե ինչ արդյունքի է ուզում հասնել կողմերից յուրաքանչյուրը: Հնարավոր բանակցությունների արդյունքը դեռ դժվար է կանխատեսել: Վաշինգտոնը կրկին նախապայմաններ է թելադրում Թեհրանին դրանք սկսելու համար: Սակայն բանակցությունների հրավերը նշանակում է լարվածության թուլացում, և դա դրական նշանակություն ունի»,- գործակալությունը եզրափակում է հոդվածը։