Ամերիկացիները ստիպված կլինեն դիմակ կրել նաև 2022-ին. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ ամերիկացիները կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հավանաբար, ստիպված կլինեն դիմակ կրել նաև 2022 թվականին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, մասնագետի խոսքով՝ բժշկական դիմակներից հրաժարվել հնարավոր կլինի հիվանդացության մակարդակի զգալի նվազման և բնակչության մեծամասնության պատվաստումից հետո: «Սակայն ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե երբ դա տեղի կունենա»,- ընդգծել է Ֆաուչին:
Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը գերազանցել է 500 000-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման 100-րդ օրը ևս կոչ է արել հայրենակիցներին դիմակ կրել: Նախագահի պաշտոնի ստանձնման առաջին իսկ օրը Բայդենը հրամանագիր էր ստորագրել դիմակ կրելու 100-օրյա պարտադիր ռեժիմի մասին: