Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերությունները վատթարացել են 2018-ին ռեփերի՝ ստրկության մասին վիճահարույց հայտարարություններից հետո. Us Weekly (տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն անցյալ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։ Us Weekly շաբաթաթերթի աղբյուրների համաձայն՝ զույգի հարաբերությունները վատթարացել են 2018-ից և պայմանավորված են 43-ամյա ռեփերի վիճահարույց մեկնաբանություններով։
Նշվում է, որ նրանց ամուսնությունում շրջադարձային է եղել 2018-ին ստրկության մասին Ուեսթի վիճահարուց մեկնաբանությունը․ TMZ-ին տված հարցազրույցի ժամանակ ռեփերը հայտարարել էր, որ ստրկությունը կարող էր 400 տարի գոյություն չունենալ և որ այդպես ապրելու ընտրությունը եղել է սևամորթներինը։
«Քիմը լիովին հիասթափված էր Քանյեի անհեթեթ ու վրդովեցուցիչ մեկնաբանություններից», - ասել է US Weekly-ի աղբյուրը՝ հավելելով, որ նրանց միջև տարաձայնությունները կրկին բորբոքվել են 2020-ին, երբ Քանյեն հայտարարել էր՝ ինչպես է Քարդաշյանի հետ քննարկել հղիության արհեստական ընդհատումը։
«Հիշում եմ՝ ինչպես ընկերուհիս արտասվելով ու բղավելով զանգեց ինձ։ Նա ասաց, որ հղի է, և մի քանի ամիս շարունակ մենք քննարկում էինք այդ երեխային չունենալու հնարավորությունը»,-պատմել է նա՝ հավելելով, որ Քիմը ճակատագրական քայլին չի դիմել, ինչի համար ռեփերը շատ շնորհակալ է նրան։
Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։
Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։