«Մտածում էի` մահացել եմ»․ Քեյթ Ուինսլեթը` «Ավատար 2»-ի նկարահանումների ժամանակ 7 րոպե անընդմեջ ջրի տակ մնալու մասին
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ կարծում էր թե մահացել է այն բանից հետո, երբ «Ավատար 2» ֆիլմի նկարահանումների ընթացքում 7 րոպե անընդմեջ անցկացրել է ջրի տակ, հայտնում է Daily Mail պարբերականը։
45–ամյա դերասանուհին, որը Ջեյմս Քամերոնի ռեժիսորական բլոքբասթերում խաղում է Ռոնալ անունով հերոսի կերպարը, նշել է, որ սուզվելիս «չի կարողացել ոչնչի մասին մտածել»։ Նա նշել է, որ ջրի տակ լինելը հաճելի էր՝ հակառակ նրան, որ գիտեր, որ, անկախ սուզվելու դասընթացներից, դա վտանգավոր է լինելու։
Observer Magazine-ին տված հարցազրույցի ընթացքում Քեյթն ասել է. «Աստված իմ, դա պարզապես հիանալի է: Ձեր միտքն ամբողջովին շեղվում է։ Դուք ոչնչի մասին չեք կարող մտածել, չեք կարող ձեր գլխում ցուցակներ կազմել, դուք պարզապես նայում եք ձեր տակ եղած փուչիկներին ... իմ առաջին բառերը երբ ես դուրս եկա ջրից հետևյալն էին. Ես մտածեցի, որ մահացել եմ»:
Քեյթը հավելել է, որ դերի համար սուզվել է սովորել իր ամուսնու՝ Նեդ Ռոքնրոլի օգնությամբ: Նա նշել է, որ ցանկացել է կարճ ժամանակում լավ արդյունք ցուցաբերել՝ «Ավատար 2» ֆիլմի նկարահանումների համար և նրա լավագույն արդյունքը եղել է 7 րոպե 14 վարկյանը և հավելել․ «Չէի սպասում, որ կգերազանցեմ Թոմ Քրուզի ցուցադրած արդյունքը»: Վերջինս ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ջրի տակ է մնացել 6 րոպե։
«Դա հրաշալի էր, և ես շատ հպարտ էի ինձնով, բայց երևի այլևս երբեք չեմ կարողանա անել դա: Դա տեղի է ունեցել չորս շաբաթ տևողությամբ բավականին ինտենսիվ մարզման արդյունքում», - եզրափակել է դերասանուհին: