Քիմ Քարդաշյանը կհանրայնացնի Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության գործընթացը. լրատվամիջոցներ
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի վերջին եթերաշրջանում, ինչպես նաև Hulu հարթակում նոր նախագծի շրջանակներում ներկայացնելու է Քանյե Ուեսթի հետ 2,1 միլիարդ դոլար արժեցող ամուսնալուծության գործընթացը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
40–ամյա հեռուստաաստղի ընտանեկան խնդիրները բազմիցս հայտնվել են Keeping Up With the Kardashians իրապատում շոուի շրջանակներում և այժմ, երբ ընտանիքը պայմանագիր է կնքել Hulu & Star–ի հետ, Քիմի ամուսնալուծության գործընթացի մանրամասները հրապարակվելու են նաև նոր նախագծում, որի պրեմիերան կայանալու է 2021 թվականին։
Պարբերականին մոտ կանգնած աղբյուրը նշել է․ «Քիմը, անկասկած, տխուր է, սակայն իրեն վստահ է զգում ամուսնալուծվելու որոշման կայացմամբ, քանի որ գիտի, որ դա լավագույն լուծումն է իր և իր ընտանիքի համար: Նա զգում էր, որ արդեն ամիսներ շարունակ ամուսնալուծված է: Երկար ժամանակ է անցել, և նա իրեն հանգիստ է զգում, որ վերջապես կարողացել է առաջ շարժվել»: Աղբյուրը հավելել է, որ նախկին զույգի երեխաները այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, սակայն Քիմը նրանց ասել է, որ սիրում է իրենց հայրիկին և պարզապես պիտի իրարից հեռու ապրեն, ինչը երեխաների համար այդքան էլ անսովոր չէ:
Ամուսնալուծության գործընթացն արդեն ընթացքի մեջ է և երկուսն էլ փորձում են պահպանել իրենց կարողությունը՝ համատեղ 2,1 միլիարդ ակտիվների պաշտպանության համար համաձայնություն ստորագրելով։ Փաստաթղթով սահմանվելու է նաև երեխաների խնամակալության հարցը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: