Ինչ էլ անի Նիկոլը իմ դեմ, ես մինչև իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ Նիկոլի և նիկոլականության դեմ՝ որպես ամենվտանգավոր, մահացու աղանդ․ Ն․ Զոհրաբյան
Հիմա ես սպասում եմ, որ Արարատ Միրզոյանը նունպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ և քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ասում է, որ շենքեր գրավողները պետք է իմանան, որ իրենց վրա կարող են կրակել։ Այս մասին անհնազանդության ակցիաներից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդարդառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։
Ինչ վերաբերում է՝ իր խմբակցությունը լքելու մասին խոսակցություններին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես խմբակցությունը լքելու որևէ պատճառ չունեմ և ինձ հայտնի չէ այն մոտիվացիան, որով ինչ–որ շահագրգիռ մարդիկ նման թեզ են դնում շրջանառության մեջ։ Եթե կա որևէ պատճառ, ապա ես կուզենայի ձեզանից լսել այդ պատճառը»,–ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանից նման բան չի լսել։ «Ես Գագիկ Ծառուկյանի հետ ամենօրյա կապի մեջ եմ, և եթե իմ անձի հետ կապված խնդիր լինի, ես վստահեցնում եմ՝ Ծառուկյանը որևէ կերպ կաշկանդված չէ այդ մասին ասելու։ Իսկ ես իմ սկզբունքները երբեք չեմ դավաճանելու, ես ասել եմ, որ մեղավոր եմ զգում, որ 2018 թվականին իմանալով՝ ով է գալու իշխանություն, լռեցի, լռեցի, երևի տուրք տալով հանրային էմոցիաների, իսկ հիմա ես իմ մեղքը պետք է քավեմ։ Ինչ էլ անի Նիկոլն իմ դեմ, իսկ նա ընդունակ է ամենաստոր, ամենաեղկելի քայլերի, ես մինչև իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ Նիկոլի և մեր երկրում նիկոլականությունը որպես ամենվտանգավոր, մահացու աղանդ վերացնելու դեմ»,-ասաց նա։