«Կարգավորման նոր պատուհան է բացվել». Էրդողանը Ռոհանիի հետ զրույցում Իրանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցների չեղարկման ցանկություն է հայտնել
Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ցանկանում է, որ Իրանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցները չեղարկվեն, և որ վերջին օրերի հայտարարությունները՝ Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների բարելավման հնարավորություն են տալիս, հայտնում է Ahval–ը:
Նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանի կողմից հնչած խոսքերը հաջորդել են հինգշաբթի Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարությանը, ըստ որի` ԱՄՆ–ն պատրաստ է երկխոսել Իրանի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրին երկու կողմերի վերադարձի մասին։
«Նախագահ Էրդողանը, որը հայտարարել է, թե ցանկանում է, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմը հրաժարվի Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներից և վերացնի իրանցիների բարեկեցության սահմանափակումները, ասել է, որ վերջին օրերի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման նոր պատուհան են բացել», – ասված է հայտարարության մեջ:
Էրդողանը Ռոհանիին ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գործունակությունը վերականգնելու ուղղված հանդիպումը, բոլոր կողմերի ամենապատասխանատու քայլն է: