«ՌԴ-ն առճակատման մեջ է ԵՄ-ի հետ․ ԵՄ ԱԳ նախարարները պետք է արձագանքի վերաբերյալ միասնական որոշում կայացնեն»․ Բորել
Ռուսաստանն առճակատման մեջ է Եվրամիության հետ, նա հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները և ԵՄ-ի ԱԳ նախարարները պետք է իրենց արձագանքի վերաբերյալ միասնական որոշում կայացնեն։ Այս մասին ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ria.ru-ն։
«Ռուսաստանն ակնհայտորեն գտնվում է Եվրամիության հետ առճակատման մեջ։ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում ռուսական կողմը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, ներառյալ՝ ՄԻԵԴ-ի որոշումները․ կարևոր բանավեճ կլինի ԵՄ ԱԳՆ նախարարների շրջանում այն մասին, թե ինչպես արձագանքել դրան: Հուսով եմ, որ մենք դա կանենք միասնության և զսպվածության ոգով», - ասել է նա։
ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստը տեղի կունենա այսօր՝ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից երկու շաբաթ անց: Այդ այցի արդյունքներով ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն ներկայացուցիչը հայտարարել էր Նավալնիին կալանավորելու համար ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:
ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ԵՄ-ում աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ մի շարք անդամ երկրներ արդեն իրենց առաջարկներն են ներկայացրել պատժամիջոցների ցուցակների վերաբերյալ: