«Արցախում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակում բարեփոխումներ է իրականացնում»․ Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը
Արցախում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակում բարեփոխումներ է իրականացնում, օպտիմալացնում է բանակի թվաքանակը, անցում է կատարում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Հայաստանում ռազմական բարեփոխումը ոչ միայն ծրագրված է, այլև արդեն իրականացվում է, և մեր ռուս գործընկերներն անմիջականորեն մասնակցում են այդ գործընթացին»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բանակաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակական է, իսկ ներկայում Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ազգային զինված ուժերի կողմից իրականացվող բարեփոխումներն անշրջելի և անվիճելի գերակայություն են դարձնում։
«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք այն հարցերը, որոնք վերաբերում են մարտական և թվային կազմի օպտիմալացմանը՝ հաշվի առնելով թիրախավորման խնդիրները, նախևառաջ՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, գերակա ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներում և համակարգերում վերազինմանը, կադրային ներուժի պահպանմանը, սպաներով, պետծառայողներով և պայմանագրային զինծառայողներով պաշտոնների համալրվածության մակարդակի բարձրացրացմանը», - նշել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:
Հարությունյանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ը երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման հարցերին աջակցելու համար: