«Հայաստանը հետաքրքրված է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ». Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնմամբ և զարգացմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան իր ամբողջությամբ կազմում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) համատեղ խմբավորում, և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբավորման ներուժի ստեղծում, որը երկկողմանի հիմունքներով գործում է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմական և քաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է կատարել բազայի ամրապնդման և վերազինման ուղղությամբ»:
«Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ է լինելու», - վստահեցրել է Հարությունյանը:
Նշենք՝ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ. փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի`վերջինիս գտնվելու ժամկետը երկարացվել է նախնական 25 տարուց մինչև 49 տարի, այսինքն՝ մինչև 2044 թվականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր 3 երկրների փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի ստեղծման մասին: Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ղարաբաղի զարգացման ծրագրերը մինչ մարտի 1-ը: