ԱՄՆ-ում գերմանացի հատուկջոկատայիններին շփոթել են ահաբեկիչների հետ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի (Բունդեսվեր)` ԱՄՆ Արիզոնա նահանգում զորավարժությունների մասնակցող էլիտար ստորաբաժանման 2 զինվորի չափազանց գաղտնի պահվածքը գրեթե դիվանագիտական կոնֆլիկտի պատճառ է դարձել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Der Spiegel-ին հղումով:
Զորավարժություններին մասնակցած 2 զինվորներն այցելել են տեղի հիվանդանոց՝ պարզելու, թե արտակարգ իրավիճակների կամ կորոնավիրուսային վարակի դեպքում բժիշկներն արդյոք կարող են օգնել գերմանացի զինվորներին:
Այնուամենայնիվ, ելնելով այն հանգամանքից, որ կլինիկա այցելած անձինք բժշկական անձնակազմի պահանջով անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել, աշխատակիցները նրանց շփոթել ու սխալմամբ ընդունել են որպես հիվանդանոցի վրա հարձակում նախապատրաստող ահաբեկիչներ: Նրանք կասկածելի այցելուների մասին անհապաղ տեղեկացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին:
Դեպքի առնչությամբ ՀԴԲ-ն կապ է հաստատել Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանատան հետ, որտեղ, պայմանավորված գործողության գաղտիության բարձր մակարդակով, տեղյակ չեն եղել Արիզոնայում գերմանական հատուկ նշանակության ջոկատների վարժանքների մասին: Միայն Բեռլին կատարած բազմաթիվ հեռախոսազանգերից հետո է իրավիճակը պարզվել: