Հադրութցի Մարիամը ընտանիքին օգնելու համար սրբիչներ և սպիտակեղեն է կարում (Տեսանյութ)
Հադրութից եկած 20-ամյա Մարիամ Ավետիսյանի ընտանիքը պատերազմի պատճառով տեղափոխվել է Հայաստան՝ Կոտայքի մարզ։ Մարիամն ընտանիքին օգնելու համար խոհանոցային սրբիչներ և սպիտակեղեն է կարում։
«Սկզբում ես սրբիչները կարում էի ընտանիքիս հոգսերը հոգալու համար, բայց ժամանակի ընթացքում սիրեցի իմ աշխատանքը։ Ես որոշեցի կարածս սրբիչների լուսանկարները տեղադրել ֆեյսբուքում, ինչից հետո պատվերներն իմ սպասածից շատ եղան»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարիամը։
Մարիամը փոքր հասակում կորցրել է լսողությունը։ Սովորել է Նորք Մարաշի հատուկ դպրոցում, ապա՝ Հադրութի միջնակարգ դպրոցում։
«Մարիամն ութ ամսականում բարձր ջերմություն ուներ, և բժիշկը նրան սխալ հակաբիոտիկ նշանակեց, ինչի պատճառով Մարիամը կորցրեց լսողության 88 %-ը։ Ցածր դասարաններում Մարիամը սովորեց Նորք Մարաշի հատուկ դպրոցում, որպեսզի կարողանա հաղորդակցվել, ինչից հետո սովորեց Հադրութի միջնակարգ դպրոցում։ Հադրութի մանկապատանեկան խմբակում Մարիամը սովորել է պար, գոբելեն, նկարչություն»,- նշեց Մարիամի մայրը՝ Էռնա Միրզախանյանը։
Մարիամի մայրը մասնագիտությամբ զինվորական է, հայրը կամավոր մասնակցել է պատերազմին։ Մարիամն ունի 9-ամյա եղբայր և 14-ամյա քույր։
«Երբ ես սկսում եմ կարել, քույրս ինձ թեյ է բերում։ Հայրս մասնագիտությամբ դերձակ է, կտրում և ձևում է կտորները։ Ես գրանցում եմ պատվերները, մնացած հարցերով զբաղվում է մայրս, քանի որ ես դժվարանում եմ խոսել»,- ներկայացրեց Մարիամ Ավետիսյանը։
Փոքր ժամանակ Մարիամը երազում էր մոդել դառնալու մասին։ Այժմ երազանքը մի փոքր այլ է։
«Ես այժմ սովորում եմ հագուստի մոդելավորում։ Ապագայում հուսով եմ, որ մեծ արհեստանոց կունենամ և զգեստներ կկարեմ։ Հիմա ես երազում եմ, որ մոդելները մի օր կցուցադրեն իմ կարած զգեստները»,- ասաց Մարիամը։
Մարիամը կարոտով է հիշում Հադրութի հետ կապված ամեն բան։ Առավելապես նա կարոտում է իր ընկերներին, զրույցներն ու զբոսանքները նրանց հետ։
«Մարիամը շատ է երազում մի օր նորից Հադրութ վերադառնալու մասին»,- ավելացրեց Մարիամի մայրը: