Ռուսաստանը հարցումներ է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումներ սկսելու համար
Ռուսաստանը հարցումներ է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմին`առաջին շփումները սկսելու համար: Այս մասին СоловьевLive ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքերով` նման հարցումների նպատակն է «պարզապես սկսել հասկանալ այն, ինչ կարող ենք միասին անել»:
Դեսպանը հավելել է, որ ակնկալում է առաջընթաց իրանական միջուկային գործարքում ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի օրոք և պրագմատիկ համագործակցություն Վաշինգտոնի հետ այս և մի շարք այլ հարցերի շուրջ:
«Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ այնտեղ, միանգամայն պարզ չէ, թե ինչպես է դա արվելու, բայց ամենակարևորն այն է, որ դա ասվել է, սա բազմակողմ փոխազդեցություն է, և մենք պատրաստ ենք դրան: Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ առաջընթաց կլինի»,-ասել է Անտոնովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կասկած էր հայտնել, որ առաջիկա ամիսներին Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կբարելավվեն: