Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի տակ է:
«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգության):
Գրեք Twitter-ում՝
- Amnesty International @ amnesty
- Human Rights Watch @hrw
- ԱՄՆ Պետքարտուղարություն՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրո @ StateDRL»,- նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամավորների, այդ թվում` Կարո Փայլանին, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցույցերի հետ կապված մեղադրանքով: Եթե ընթացակարգն ավարտվի անձեռնմխելիությունից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննություն սպառնալ: