«Օրենքին ենթարկվելը մեղք չէ. մի՛ խուսափեք»․ Ռոհանին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Հինգշաբթի կայացած առցանց խորհրդաժողովի ժամանակ, մի շարք արդյունաբերական նախագծերից խոսելուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմը հասկացել է, որ Վաշինգտոնը սխալներ է թույլ տվել Իրանի հետ առնչվելիս, հայտնում է Tehran Times–ը:
«Օրենքին ենթարկվելը մեղք չէ: Մի խուսափեք: Վատը հարկադրաբար հանձնվելն է », - ասել է Ռոհանին՝ խորհուրդ տալով ԱՄՆ–ի կառավարությանը:
Իրանի նախագահը նաև մերժել է այն գաղափարը, որ Իրանը միջուկային ոլորտում մի շարք քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ին ճնշելու նպատակով՝ հավելելով․ «Թեհրանը Վաշինգտոնին կոչ է անում հարգել օրենքը և հարգել պարտավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը»: Նա նաև շեշտել է, որ իր գրասենյակը երբեք չի մտածել, թե Թրամփի նման «հիմար» մարդը կարող է ԱՄՆ–ի ղեկը ստանձնել և աննախադեպ տնտեսական պատերազմ վարել իրանական ազգի դեմ:
Իրանի նախագահը կարևորել է Իրանում առկա տնտեսական առաջընթացը՝ ասելով. «Չնայած ԱՄՆ–ի բոլոր ճնշումներին, տնտեսական պատերազմին և կորոնավիրուսային համաճարակի բռնկմանը, Իրանը պահպանել է տնտեսական առաջընթացն արդյունաբերական տարբեր ոլորտներում, որոնցից է պողպատի արտադրությունը»:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, որը խոստացել էր միանալ 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրին (JCPOA), մինչ այժմ հրաժարվում է վերացնել իր նախորդի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները, նշել է Tehran Times–ը:
Չորեքշաբթի օրը իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանը միջուկային համաձայնագրի մասին բավականաչափ դատարկ խոստումներ է լսել՝ մյուս կողմերից, համաձայնագրի կատարման ուղղությամբ՝ գործնական գործողություններ պահանջելով: