«Ռոսօբորոնէքսպորտ»-ը 1 տարվա ընթացքում վաճառել է 13 միլիարդ դոլարի զենք
Չնայած պատժամիջոցներին և կորոնավիրուսային համավարակին՝ 2020 թվականին ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հաջողվել է նույն մակարդակով ռազմական արտադրանք վաճառել, ինչ նախորդ տարի, այն է՝ մոտ 13 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին IDEX-2021 զենքի ցուցահանդեսի նախօրեին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
«Չնայած համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտների, այդ թվում՝ զենքի շուկայի վրա ազդող օբյեկտիվ գլոբալ դժվարություններին, 2020 թ.-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով ռազմական արտադրանքի արտահանումը մնացել է նախորդ տարվա մակարդակի վրա», - ասել է Միխեևը:
Նշենք՝ վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանն աշխարհի զենք արտահանողների շրջանում հաստատապես զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Տարեկան վաճառքը կազմում է մոտավորապես 15 միլիարդ դոլար, որից 13 միլիարդ դոլարը բաժին է ընկնում «Ռոսօբորոնէքսպորտ»-ին:
Մնացած 2 միլիարդը պատկանում է ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, որոնք իրավունք ունեն ինքնուրույն մուտք գործել զենքի համաշխարհային շուկա՝ ծառայություններ մատուցելով, նորոգելով և պահեստամասեր մատակարարելով:
Նշենք՝ IDEX-2021 զենքի ցուցահանդեսը կանցկացվի Աբու Դաբիում փետրվարի 21-ից 25-ը: