Սոչիում 2 թոշակառուի խեղդամահ անելու համար հայազգի տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Կրասնոդարի շրջանային դատարանում կայացված դատավճռի հիման վրա 47-ամյա Ալիկ Առաքելյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ բանտում:
Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը, նշելով, որ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ամուսնական զույգի սպանության համար: Բացի այդ, դատարանը մասամբ բավարարել է նաև տուժողների հայցը 1 միլիոն ռուբլու չափով բարոյական վնասի հատուցման մասին: Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել:
Հիշեցնենք՝ հանցագործությունները կատարվել են 2007-ի մայիսին՝ Սոչիի Ադլեր շրջանում: Երկու տղամարդ սենյակ էին վարձել տեղացի տարեց զույգի՝ Լենինի 204 հասցեում գտնվող բնակարանում: Շուտով նրանք սկսել էին թալանի ծրագիր մշակել: Վարձակալները թոշակառուներից գումար էին պահանջել, բայց երբ մերժում են ստացել, խեղդամահ են արել 75-ամյա կնոջը և 80-ամյա տղամարդուն:
Դեպքից հետո պատահական վկան, որն ամբողջ ընթացքում պատշգամբում է եղել, խանգարել է նրանց թալանել տան տերերի ունեցվածքը: Ներխուժողները փորձել են կացնով սպանել վկային, բայց նա ցատկել է պատշգամբից և օգնություն կանչել:
Ամբաստանյալին 10 տարի հաջողվել էր թաքնվել հետաքննությունից: