«Չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է այդպիսի նպատակ». Լավրովը՝ «Մեծ Թուրան»-ի ստեղծման հավանականության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան նպատակ ունի ստեղծել «Մեծ Թուրան» (պետությունը, որը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ), գրում է iz.ru-ն:
«Եթե մենք խոսենք «Մեծ Թուրան»-ի մասին, որպես պատմական իմաստով վերազգային սուբյեկտ, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է այդպիսի նպատակ: Ես չեմ տեսնում, թե իրականում ինչպես կարող են նախկինում ԽՍՀՄ մաս կազմող և անկախ պետություններ դարձած երկրները ինչ-որ ձևով աջակցել այս գաղափարին», - ասել է Լավրովը:
Ընդհակառակը, ըստ նրա, Ադրբեջանի նման երկրների արտաքին քաղաքականության ամբողջ պաթոսը, Թուրքիայի իշխանությունների՝ հաջակցություն «Մեծ Թուրան»-ի արտահայտվելու պարագայում, նրանց ազգային պետությունների ամրապնդումն է: Նա նշել է, որ Թուրքիան ունի իր սեփական շահերը, դրանց թվում են «այն ժողովուրդները, որոնք նույն լեզվով են խոսում»:
Լավրովը բացատրել է նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների կապը:
«Մեր մի քանի հանրապետություններ հետաքրքրված են շփումներով: Այնտեղ նրանք խթանում են հատուկ նախագծեր: Գոյություն ունի ԹՈՒՐՔՍՈՅ-ն՝ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը: Կա նաև այնպիսի կառույց, ինչպիսին է թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը: Բոլորն էլ գործում են երկար ժամանակ: Նրանք իրենց ծրագրերն ունեն, միջոցառումներ են անցկացնում», - ասել է նախարարը:
Ըստ էության, նրա խոսքով, դա տեղի է ունենում մշակութային, լեզվական և կրթական ավանդույթների միջոցով:
Ավելի վաղ ՝ փետրվարի 13-ին, Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի հարավում տարածքների մասին երազանքներից:
Հիշեցենք՝ նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ թուրքական պետական TR1 հեռուստաալիքը հեռարձակել էր քարտեզ, որտեղ կանխատեսվել էր Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնումը մինչև 2050 թվականը: Ըստ այդմ՝ երկրի ազդեցությունը կընդլայնվի, այդ թվում՝ Ռուսաստանի հարավում ՝ Ղրիմում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Կալմիկիայում, Ռոստովում և Աստրախանում:
Իր հերթին Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը, մեկնաբանելով թուրքական կողմի մտադրությունները, նշել էր, որ Անկարան երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Միևնույն ժամանակ, պատգամավորը կասկած էր հայտնել այդ հողերը բռնի ուժով անեքսիայի ենթարկելու (մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի բռնի միավորում կամ զավթում միակողմանի կարգով,- խմբ.) Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ: