Հարցը դրված է՝ «կա՛մ դառնում ես կուսակցական, կա՛մ սեփական դիմումի համաձայն ազատվում ես աշխատանքից». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել առաջին հերթին՝ պետական ապարատում։
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախ՝ ներկայացնել, թե պետական ապարատում աշխատողների քանի տոկոսն է կուսակցական և դրանցից քանի տոկոսն է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։
Թերթի տեղեկության համաձայն, հարցը դրված է հետևյալ կերպ՝ «կա՛մ դառնում ես կուսակցական, կա՛մ սեփական դիմումի համաձայն ազատվում ես աշխատանքից»։ Թերթի կառավարական աղբյուրը հայտնում է նաև, որ պետական ապարատում աշխատողների համար ներկա դրությամբ ստեղծվել է լուրջ պատային իրադրություն, քանի որ, ինչպես հայտնի է, պետական գերատեսչություններում մեծ թիվ են կազմում անկուսակցականներն ու այլ կուսակցությունների պատկանող անձինք։
Մյուս կողմից, ըստ մեր տեղեկությունների, հրահանգ է իջեցված «թրի տակով անցնել» չցանկացողներից ազատվել, որպեսզի հատկապես պատերազմից հետո հավատարմության երդում տվողներին տեղավորեն պետական կառույցներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: