ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում այլ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարել. նախ պետք է բավարարել ներքին պահանջները. Financial Times
ԱՄՆ իշխանությունները զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն մատակարարի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիների պատվաստման համար երկրում բավարար քանակությամբ դեղամիջոցներ չկան, նախագահի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին հղումով գրում է Financial Times-ը։
«Այժմ մենք կենտրոնացած ենք ամերիկացիներին պատվաստելու վրա»,- հայտարարել է Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը:
Մեկ այլ անանուն պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմի աշխատակիցներին խնդրել է քննարկել պատվաստանյութերի «ավելցուկը» նվիրաբերելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ առաջնահերթը «ներքին պահանջները բավարարելն է»։
«Թեև ներկայում հնարավորություն չունենք կիսել պատվաստանյութերի չափաբաժինները, մենք ջանք չենք խնայում COVAX-ին աջակցելու և ամբողջ աշխարհում պատվաստումներն ակտիվացնելու համար», - նշել է վարչակազմի մեկ այլ անանուն ներկայացուցիչ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը մտադիր է 2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանն աջակցելու համար և պլանավորում է այդ քայլի մասին հայտարարել փետրվարի 19-ին կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ։
Իրազեկ աղբյուրը հաղորդել էր, որ ևս 2 մլրդ դոլար կհատկացվի երկու տարվա ընթացքում, երբ երկրները սկսեն կատարել իրենց պարտավորությունները։
COVAX-ը ԱՀԿ-ի շրջանակում ստեղծած միջազգային մեխանիզմ է, որի միտված է նպաստել պակաս բարեկեցիկ պետությունների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերմանը․ դրան մասնակցում են 190 երկրներ։