Մակրոնը կոչ է արել Եվրոպային և ԱՄՆ-ին սեփական պատվաստանյութերի մոտ 5%-ն ուղարկել աղքատ երկրներին
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային և ԱՄՆ-ին անհապաղ օգնություն ուղարկել զարգացող երկրներին՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումների մինչև 5 տոկոսի տեսքով:
Երկրի նախագահը Financial Times-ի հետ զրույցում, մասնավորապես, նշել է՝ պատվաստանյութերի անարդարացի բաշխումը կխթանի համաշխահային անհավասարությանը:
«Մենք չենք խոսում անմիջապես միլիարդավոր չափաբաժինների մասին, կամ միլիարդավոր եվրոների մասին: Խոսքը մեր ունեցած չափաբաժինների 4-5 տոկոսի շատ ավելի արագ բաշխման մասին է: Այն չի փոխի պատվաստումների մեր արշավները: Յուրաքանչյուր երկիր պետք է իր ունեցած պատվաստանյութերի քիչ քանակ առանձնացնի ու արագորեն դրանք փոխանցի ավելի կարիքավոր երկրներին», - ասել է Մակրոնը:
Նշենք՝ մինչ այժմ պատվաստումների ճնշող մեծամասնությունն իրականացվել են բարձր եկամուտ ունեցող երկրներում: Այս անհավասարակշռությունը հավասարակշռելու համար Մակրոնը կներկայացնի իր առաջարկը G7-ի անդամ երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ)առաջնորդների` այսօր կայանալիք առցանց գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք՝ մինչ օրս ողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն դեպք, որի պատճառով մահացել է շուրջ 2,4 միլիոն մարդ: