Եվրապատգամավորը Նավալնիի բանտարկությունը՝ ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար անբավարար պայման է համարում
Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին ասել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բանտարկությունը թույլ հիմք է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատական գործակալությունը։
«Պատժամիջոցները ոչ ոքի ձեռնտու չեն, դրանք չեն բխում Ռուսաստանի կամ Եվրոպայի բնակչության շահերից: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են Ռուսաստանի հետ գործ ունենալ, պատժամիջոցներ չեն ուզում։ Ես հետագա պատժամիջոցների կարիքը չեմ տեսնում», - ասել է Դալին:
Ըստ նրա, Նավալնիի հետ կապված իրավիճակին ԵՄ արձագանքը բխում էր դաշինքի աշխարհաքաղաքական նպատակներից, այլ ոչ թե մարդու իրավունքների շուրջ որևէ մտահոգությունից: Պատգամավորը նշել է․ «Միակ պատճառը, որի համար Եվրամիության տարածքում մարդիկ անհանգստանում են Նավալնիի համար՝ նրա Ռուսաստանում գտնվելու փաստն է: Դա պարզապես զենք է Ռուսաստանի իշխանությունների դեմ: Իրականում դա ընդհանրապես կապ չունի մարդու իրավունքների հետ»։
Մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի` Մոսկվա կատարած այցից հետո՝ նրան ուղղված պաշտոնաթողության մասին կոչերը, Դալին ասել է, որ համաձայն չէ դրանց հետ․ «Ես չէի միանա նրա հրաժարականի կոչերին՝ Ռուսաստան կատարած ուղևորության պատճառով: Իրականում նա ճիշտ էր, և սա նրա լավագույն քայլերից մեկն էր»:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Նավալնիի իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով` նշելով, որ այս թեմայով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «նման են նախագծի»: Կրեմլը հայտարարել է, որ մտադիր չէ լսել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարությունները:
Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել «Իվ Ռոշեի գործով» Նավալնիի պայմանական պատիժը և այն փոխարինել 3,5 տարի ազատազրկմամբ ընդհանուր ռեժիմի գաղութում` փորձաշրջանի պայմանների բազմաթիվ խախտումների պատճառով: