ԱՄՆ-ում մեկ շաբաթում գրանցվել է ցածր ջերմաստիճանի ավելի քան 2500 ռեկորդ. զոհերի թիվը հասել է 38-ի (լուսանկարներ)
ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացածների թիվն անցյալ շաբաթվանից հասել է 38-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հավելելով, որ այս ընթացքում ցածր ջերմաստիճանի ավելի քան 2500 ռեկորդ է գրանցվել երկրի ողջ տարածքում:
Ցուրտ եղանակի և ձնաբքի հետևանքով ամենից շատ տուժել է Տեխաս նահանգը, որտեղ արձանագրվել է մահվան ամենաշատ դեպքերը: Այստեղ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել: Նշվում է, որ ընդհանուր առմամբ ևս 8 մահ է գրանցվել, սակայն իշխանությունները չեն շտապում պատճառը վերագրել եղանակային պայմաններին և սպասում են դիահերձման արդյունքներին:
Ձնաբքի պատճառով նահանգի մոտ 300 000 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, ավելի քան 260 000-ը զրկվել է ջրամատակարարումից:
Վատ եղանակային պայմաննների պատճառով չեղարկվել են մոտ 2300 ներքին և միջազգային չվերթներ: Տեխասցիներից բացի բարդ իրավիճակում են գտնվում նաև Միսիսիպի, Կենտուկիի, Օրեգոն, Լուիզիանա, Իլինոյս, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա նահանգների բնակիչները: